«Իմ կարիերան ես կապի ոլորտում չեմ սկսել: Իսկ եթե գա մի օր, որ ես դուրս գամ հեռահաղորդակցության ոլորտից՝ ես այգեպանությամբ կզբաղվեմ, որովհետև այգեպանությունը շատ եմ սիրում»։ Երևանում «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ այսօր մեկնարկած հայկական ներդրումային ֆորումի ժամանակ այս մասին ասաց VivaCell MTS-ի ղեկավար Ռալֆ Յիրիկյանը:
Ստարտափերներից մեկը ֆորումի ժամանակ հարց հնչեցրեց, թե արդյոք ընկերությունը չի՞ պատրաստվում միանալ Starling արբանյակային ինտերնետ ցանցին, ինչին Յիրիկյանը պատասխանեց.
«Starling-ին միանալու որոշումը պետությանն է: Այսպես ասեմ՝ իրենք ինչ երաժշտություն կնվագեն, մենք այդ երաժշտության տակ կպարենք»:
Նշենք, որ «AIF 2021» ներդրումային համաժողովն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում և կհամախմբի հարյուրավոր տարածաշրջանային և միջազգային ներդրողների, ձեռնարկատերերի և նախագծերի սկսնակ ներկայացուցիչների: Ֆորումը կդառնա ներդրումային ծրագրերի քննարկման և իրականացման ամենամեծ հարթակը, այն նաև նախատեսված է նպաստելու Հայաստանում բիզնեսների փոխազդեցությանը տարբեր մակարդակներում:
Ֆորումի նախաշեմին՝ սեպտեմբերի 7-ից 13-ը, Դիլիջանում տեղի կունենա Buissap ֆորումը, որին կարող են մասնակցել երիտասարդ ձեռներեցները: Ֆորումը կներկայացնի նոր նախագծեր, որոնք հաղթահարել են մրցույթը: Buissap ֆորումի մասնակիցները կունենան վարպետության դասեր և կապ կհաստատեն առաջատար փորձագետների հետ, որոնք կօգնեն նախագծել և պատրաստել այդ նախագծերը մեծ ժյուրիին ներկայացնելու համար: Buissap ֆորումի միջոցառումների արդյունքում ընտրված լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան դրանք ներկայացնել սեպտեմբերի 20-ին՝ Երևանում կայանալիք Armenian Invest Forum-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: