2021 թ․հոկտեմբերի 1–ից 2022 թ․ մարտի 31–ը Դուբայում կայանալիք «Expo2020Dubai»-ի շրջանակում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) քառօրյա ցուցահանդեսը, որին կարող են մասնակցել հայկական ընկերություններն ու արտադրողները։ Այն հնարավորություն կտա ոչ միայն հայկական ապրանքներն ու ծառայությունները ներկայացնել համաշխարհային շուկայում, այլև ստեղծել նոր ամուր բիզնես կապեր, հանդիպել օտարերկրյա պոտենցիալ գործընկերների ու ներդրողների հետ։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Էքսպոյի ընթացքում մասնակից ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու կազմակերպիչների կողմից անցկացվող «վորքշոփերի», որոնց շրջանակում հրավիրյալ մասնագետները մանրամասն կծանոթացնեն ԱՄԷ-ի և Պարսից ծոցի համագործակցության երկրների շուկաներ մուտք գործելու գաղտնիքներին ու ուղիներին։
Գործարար կապեր ձեռք բերելու և բիզնես շփումների իրականացման լավագույն հարթակներից մեկն էլ B2B պորտալն է, որում գրանցվելով՝ հայկական ընկերությունները կհայտնվեն համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետ նույն հարթակում։
Հայկական ընկերությունների համար գործարար աշխարհին ներկայանալու ևս մեկ հնարավորություն է արտահանման կատալոգը/ամսագիրը․ դրանում ներառված կլինեն Էքսպոյի մասնակից հայկական ընկերությունների գործունեության, ոլորտի, արտադրատեսակների մասին տեղեկություններ։ Կատալոգը հասանելի կլինի «EXPO 2020 Dubai»-ի մասնակից 190–ից ավելի երկրների գործարարներին։