Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը։ Համաժողովի մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության ներկայացուցիչներ, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և այլ հյուրեր:
Համաժողովի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն համաժողովների անցկացումը լավ առիթ է խոսելու ՀՀ տնտեսական ընթացիկ իրավիճակի մասին։
«2019 թվականն առաջին տնտեսական ամբողջական տարին է, երբ մեր կառավարությունը տարեսկզբից մինչև տարեվերջ հանդիսանում է տնտեսական իրավիճակի քաղաքական պատասխանատուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը ներկայացրել է մի քանի տնտեսական ցուցանիշներ, որոք արձանագրվել են և կարձանագրվեն այս տարվա ընթացքում։
Նիկոլ Փաշինյանի խոսքով այս տարի, ըստ ամենայնի, կարձանագրվի մոտ 7% տնտեսական աճ, ինչը բավական բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում, և ընդհանրապես ամբողջ եվրոպական տարածքում:
«Այս տարվա տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ այն տնտեսական պահանջերը, որոնք սահմանել ենք իրական են, և կարող են դառնալ իրականություն: Այս մասին վկայում է նաև եվրոբոնդերի նոր թողարկման հաջողությունը, որը Հայաստանի համար միջազգային տնտեսական իմիջի առումով չափազանց կարևոր էր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2015 թվականի համեմատությամբ չորս տարվա ընթացքում ֆինանսական միջոցների հասանելիությունը 3%-ով բարելավվել է։
«Հայաստանը 500 մլն դոլարի եվրոբոնդ է թողարկել, մինչդեռ իրական պահանջարկը 2 մլրդ դոլարից ավելի էր։ Եթե այս պահին ունենայինք պատրաստի նախագծեր, որոնք անհրաժեշտ կլիներ ֆինանսավորել և իրականացնել, ապա այժմ կարող էինք 2-2․5 մլրդ դոլար ֆինանսական միջոցներ ներգարվել և այդ նախագծերն իրագործել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
«Այս թողարկումների արդյունքում, միջազգային տնտեսական հանրության գնահատականներով, Հայաստանի ռիսկայնությունը մոտ 55%-ով կրճատվել է և սա Հայաստանի տնտեսական միջավայրը դարձնում է ավելի բարենպաստ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է տնտեսական մեգանախագծերի ստեղծման կարևորությունը՝ նշելով, որ կարևոր է Հայաստանը վերափոխող մեգանախագծերի ստեղծումն ու իրագործումը։
Ըստ ՀՀ վարչապետի՝ այս տարի դեկտեմբերի 31-ի դրությամբ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կունենանք միջազգային պահուստների ամենաբարձր ցուցանիշը:
«Սա կարևոր արդյունք է, որը վկայում է մեր երկրի ֆինանսական կայունության մասին: Այս տարի Հայաստանի շուկայում առաջին երեք եռամսյակների տվյալներով կենտրոնական բանկը իրականացրել է շուրջ 433 մլն դոլարի գնում»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսական զարգացման գործում կարևորել է գործընկերության դերը՝ նշելով, որ գործընկերային միջավայր պետք է ձևավորվի ՀՀ կառավարության և բիզնես շրջանակների միջև:
«Այսօր չկա բաժանում այսպես կոչված ընդդիմադիր և իշխանամետ գործարարների: Բոլոր գործարարներին մենք համարում ենք մեր թիվ մեկ դաշնակիցը: Մեր մեծագույն խնդիրն է, որ ՀՀ-ում յուրաքանչյուր գործարար իրեն զգա պաշտպանված»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։