Օգոստոսի 19-20-ը Չոլպոն-Աթայում (Ղրղզստանի Հանրապետություն) տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետություններ Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները։ Նիստը կանցկացնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։ Այս մասին հայտնել Է ԵՏՀ մամուլի ծառայությունը:
ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների ցանկը, որոնք ենթակա են վերացման 2021-2022 թվականներին։ Կքննարկվեն նաև ապրանքների արտահանման ժամանակ սահմանվող միակողմանի ոչ սակագնային միջոցների մերձեցման հարցը, ինչպես նաև արտահանման մաքսատուրքերը, պետական (մունիցիպալ) գնումների, 2020 թվականին անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման հարցերը: Նախատեսվում է նաև քննարկել անդամ պետությունների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցները։
Միջկառավարական խորհուրդը կլսի 2020 թվականին Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման մոնիթորինգի մասին ԵՏՀ տարեկան հաշվետվությունը, 2020 թվականին ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի մասին զեկույցը, 2020 թվականին ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքի մասին զեկույցը:
Օրակարգում է Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման շահերից բխող թվային տրանսպորտային միջանցքների և երթուղիների Եվրասիական մասի ձևավորման հարցը։