2021-ի օգոստոսի 1-ի դրությամբ՝ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 90.3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.4 %-ով։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 38.0 %-ը կամ 34.4 հազար մարդ՝ նախորդ տարվա 32,9 հազար մարդու փոխարեն: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից։
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 67.7 %-ը, կամ 61.1 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.4 %-ով:
Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,8 %-ը, կամ 39.7 հազար մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.5%-ը կամ 11.3 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.1% կամ 2.5 հազար մարդ:
Ըստ կրթական կազմի բաշխվածության՝ բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 13.4%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողների թիվը` 17.1%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողների թիվը` 5.3%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54.6 %-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները` 9.6 %-ը: