Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի դիրքերն ավելի ամրապնդվում են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական ու քաղաքական. գրում է Անադոլու գործակալությունը։
Էրդողանն իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության բաժանմուքների ղեկավարների հետ հանդիպմանը նաև նշել է, որ Թուրքիան իր առջև դնում է ավելի հավակնոտ նպատակներ։ Թուրքիայի նախագահն ուշադրությունը սևեռել է Թուրքիայի հաջողությունների վրա հատկապես տնտեսության ոլորտում՝ նշելով, որ վերջին 19 տարում ստեղծվել են միլիոնավոր նոր աշխատատեղեր։
Էրդողանը խոսել է նաև հայրենական էլեկտրոմոբիլի արտադրության մասին և հույս հայտնել, որ 2023-ին առաջին թուրքական մեքենան պատրաստ կլինի։ Նա նաև մատնանշել է Թուրքիայի ռազմաարդյունաբերության ոլորտի հաջողությունները։
«Թուրքիան դարձել է պաշտպանական արդյունաբերության՝ աշխարհի առաջատար արտադրողներից և արտահանողներից մեկը։ Դա, մասնավորապես, վերաբերում է անօդաչու թռչող սարքերի արտադրությանը», – ասել է Էրդողանը։