2021 թ. առաջին կիսամյակում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 5.4%-ով: Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության ամփոփիչ հոդվածում: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է աղբյուրը, իրական աշխատավարձը Հայաստանում նվազել է 0.3%-ով: Հայաստանի այս ցուցանիշները, ինչպես ցույց են տալիս հարցման տվյալները, ամենացածրերից են ԵԱՏՄ-ում: 2021 թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, անվանական և իրական (ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսների) միջին ամսական աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպերը գրանցվել են Ղազախստանում՝ համապատասխանաբար 16.7% և 8.8%-ով, իսկ Բելառուսում` 14.9% և 5, 6 %-ով:
Ռուսաստանում նմանատիպ ցուցանիշները ցույց են տվել 9,4% և 3,4% աճ: Ղրղզստանում միջին ամսական անվանական աշխատավարձը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7.9% -ով, համապատասխանաբար, իրական աշխատավարձը նվազել է 2.6%-ով:
Ընդհանուր առմամբ, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է ԵԱՏՄ բոլոր երկրներում: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների՝ Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2021 թ. հունվար-հուլիսին աճել է տարեկան 5.2% -ով՝նախորդ տարվա 5.7% անկման դիմաց: Աղբյուրը նշում է, որ 2021 թ. 7 ամիսների ընթացքում երկրում տնտեսական ակտիվությունն ուղեկցվել է արտահանման և ներմուծման արագացված աճով: Միայն այս տարվա հուլիսին, 2020 թ. հուլիսի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 5.8%-ով՝ նախորդ տարվա 10.2% անկման դիմաց: Այս տարվա հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության աճը մեծապես որոշվել է շինարարության ոլորտով (8.8%), առևտրի ոլորտով (7.5%), ավելի փոքր չափովծառայությունների ոլորտով (4.4%-ով), արդյունաբերական հատվածով (2, 1%-ով) և էներգահամալիրով (0.1%):