Եվրոպական բիզնեսը մտադիր է ընդլայնել իր մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության տարածքի նախագծերին, ասել է Ռուսաստանում եվրոպական բիզնեսի ասոցիացիայի ղեկավար Տաձիո Շիլինգը, որի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ Մեծ Եվրասիական գործընկերության տարածքում գոյություն ունեն մի շարք ենթակառուցվածքային, տնտեսական, գործարար նախագծեր, որոնք իրականացվում են եվրոպական բիզնեսի մասնակցությամբ:
«Մենք արդեն ոչ միայն մոտ ենք, մենք ներկա ենք, աշխատում ենք և մտադիր ենք ընդլայնել այդ ներկայությունը, այդ աշխատանքը»,- հայտարարել է Շիլինգը «Արևելյան տնտեսական համաժողովում եվրասիական մեծ գործընկերության արժեքն ու արժեքները» նստաշրջանի ընթացքում:
Նա նշել է, որ 2021 թվականի սկզբից ի վեր անցած ամիսներին ԵԱՏՄ երկրներից դեպի Եվրամիություն ներմուծման աճ է արձանագրվել, ինչպես նաև ԵՄ-ից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ արտահանման աճ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել 2015 թվականին Եվրասիական մեծ գործընկերության ստեղծման գաղափարով: Նրա խոսքով՝ գործընկերության մասնակից կարող են դառնալ ԵԱՏՄ երկրները, պետությունները, որոնց հետ Ռուսաստանը սերտ հարաբերություններ ունի՝ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Իրանը և ԱՊՀ երկրները, ինչպես նաև այլ պետություններ ու միավորումներ: