Այսօր Արարատի մարզի մի շարք համայնքների խաղողագործներ դարձյալ ճանապարհ են փակել։ Նրանք դժգոհում են, որ վերամշակող ընկերություններն առանց հիմնավորման նվազեցրել են խաղողի մթերման գները։
Armenia Today-ն այցելել է Արարատի մարզի Լուսառատ համայնք, որտեղ մեծ ծավալներով տեխնիկական սորտի խաղող է մշակվում։
Խաղողագործները բողոքեցին, որ գործարանները կիլոգրամի դիմաց ընդամենը 110 դրամ են առաջարկում, ինչը խաղողի ինքնարժեքն է կազմում։
Լուսառատի բնակիչների փոխանցմամբ՝ խնդիրը լուծելու նպատակով հանդիպել են Արարատի մարզպետարանի գյուղվարչության պետին։ Վերջինս հավաստիացրել է, որ չորեքշաբթի օրը խաղողի մթերման, գնի հետ կապված հարցերը կկարգավորվեն։
Գյուղացիներն առաջարկում են, որ խաղողի մթերման միասնական գին սահմանվի։
«Պետությունը վերամշակող ընկերություններին սուբսիդավորում է, որ մթերում կազմակերպեն, սակայն, անհիմն պատճառաբանությամբ արհեստական գները նվազեցնում են։ Ասեցին՝ այգի հիմնեք, մենք էլ հիմնեցինք, բայց հիմա բերքը չենք կարողանում իրացնել»,- նշեցին նրանք։
Խաղողագործների պնդմամբ՝ եթե մթերման հարցը չլուծվի, բերքահավաքից հետո քանդելու են խաղողի այգիները։
Նրանց խոսքով՝ պետությունը չի մտածում գյուղացիների մասին։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին էլ հորդորում են գյուղ այցելել և տեղում ծանոթանել խնդրին։
Մանրամասները՝ տեսանյութում։