Օգոստոսին արձանագրվել է 0.4% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ և ամսվա վերջին կազմել է 8.8%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը օգոստոսին ևս պահպանվել է 8.0%-ի շրջակայքում։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պարզաբանեց, որ վերջին ամիսներին գնաճի կարճաժամկետ արագացումը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենային ապրանքների գների աճով, իսկ բնականոն գնաճը ձևավորվել է սպասվածից ավելի ցածր մակարդակում:
«Մյուս կողմից, թե՛ արտաքին հատվածից և թե՛ ներքին տնտեսությունից շարունակում են պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություններ, ուստի ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ, Խորհուրդը գնահատում է, որ վերջին շրջանում դրամավարկային պայմանների հետևողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ պահանջարկի կարգավորման, գնաճի զսպման և միջնաժամկետում գնաճի նպատակի ապահովման ուղղությամբ»,- նշեց նա և հավելեց, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։
Մարտին Գալստյանի խոսքով՝ հաջորդ տարի գնաճը կմոտենա նպատակային 4% ցուցանիշին և միջնաժամկետ հատվածում կկայունանա դրա շուրջ:
Կենտրոնական բանկի նախագահն ընդգծում է, որ տնտեսական աճի ընթացիկ զարգացումները գնահատվում են սպասվածից ավելի դրական՝ պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի մեծ աճերով։
«Համախառն պահանջարկը ևս աճում է սպասվածից փոքր-ինչ արագ տեմպերով, որին շարունակում են մեծ նպաստում ունենալ մասնավոր սպառման բարձր աճը, արտերկրից դրամական փոխանցումների՝ սպասվածից մեծ ծավալները և արտաքին պահանջարկի դրական միջավայրը, մինչդեռ մասնավոր ներդրումների աճը պահպանվում է համեմատաբար զսպված»,- հավելեց Գալստյանը և կանխատեսեց 5,4 տոկոս տնտեսական աճ։