Սեպտեմբերի 20-ին Երևանում «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ տեղի կունենա երկրի գլխավոր գործարար համաժողովը՝ Armenian Business Forum 2021-ը:
Ինչպես հաղորդվում է կազմակերպիչների հայտարարության մեջ՝ համաժողովի գործընկեր երկիր է դարձել Ռուսաստանի Դաշնությունը:
Ինչպես ավելի վաղ նշվել էր, նախագծի նպատակն է նպաստել Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, ստեղծել բաց երկխոսության հարթակ տարբեր բիզնես համայնքների միջև, ամրապնդել երկրում նորարարական ձեռներեցության ոգին:
Համաժողովին կներկայացվեն նաև սեպտեմբերի 7-13-ը Դիլիջանում կազմակերպված Buissup Global Forum կրթական-բանավիճային հարթակի աշխատանքի արդյունքում ընտրված լավագույն ստարտափ-նախագծերը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armenia Today-ը, հայ գործարարների ասոցիացիան կազմակերպել էր երիտասարդական լավագույն ստարտափ-նախագծերի մրցութային ընտրությունը, որոնց հեղինակները հնարավորություն էին ստացել Buissup Global Forum-ի կրթական-բանավիճային հարթակի և հրավիրված փորձագետների օգնությամբ լրամշակել իրենց նախագծերը և դրանք ներկայացնել պոտենցիալ ներդրողներին Armenian Business Forum 2021-ում:
Միջոցառմանը մասնակցել է շուրջ 200 մարդ, որոնք ներկայացրել են 61 ստարտափ-նախագիծ, որոնցից ընտրվել են 10 լավագույնները:
Armenian Business Forum 2021-ը կազմակերպել է Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիան, որի հիմնադիրն ու նախագահն է բարերար և գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը:
Ինչպես նշում են կազմակերպիչները՝ ասոցիացիայի նպատակներից մեկը ինչպես երիտասարդ, այնպես էլ կայացած գործարարների համար յուրահատուկ հարթակի ստեղծումն է, ինչպես նաև հայ երիտասարդ ձեռներեցների աջակցությունը սեփական բիզնես գաղափարների զարգացման և դրանց իրականացման գործում:
Ավելի վաղ, Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումից հետո «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրերի և ապագա նախագծերի իրականացման թեման քննարկվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հանդիպման ժամանակ, որտեղ Կարապետյանը հավաստիացրել էր վարչապետին, որ բոլոր գործարկված ծրագրերը շարունակվելու են: