«Հյուսիս-հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան նոր հատվածի շինարարության ֆինանսավորման հարցը քննարկվեց այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կառավարության նիստում։
ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանի խոսքով՝ այս որոշմամբ արձանագրվում է լայնածավալ աշխատանքի սկիզբը։ Ըստ նախարարության գնահատականի՝ մինչև 2022 թվականն ունենալու ենք գնման գործընթացների ավարտ։ Շուրջ 60 կմ երկարությամբ նոր ճանապարհը 4,7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12,5 ընդհանուր երկարությամբ թունելներ կունենա։ Թունելներից մեկը 8-ից ավելի կիլոմետր երկարությամբ Բարգուշատի թունելն է։
Տերտերյանը նշեց, որ ծրագրի արժեքը շինարարության մասով 474,3 միլիարդ դրամ է, իսկ ընդհանուր արժեքը՝ 487 միլիարդ դրամ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ճանապարհահատվածը կարևոր նշանակություն կունենա «Սև ծով-Պարսից ծոց» նախագծի իրականացման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական կոմունիկացիաների ընդհանուր ապաշրջափակման համար։ Նա նշեց, որ հաջորդը Թալին-Գյումրի հատվածն է, որտեղ այժմ ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում։