ԵԱՏՄ էներգետիկայի նախարարների հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Միության գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ միջազգային համաձայնագրի նախագծի համաձայնեցման ընթացքին, հայտնում է ՌԴ էներգետիկայի նախարարությունը:
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովն ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրների ընդհանուր էներգետիկ շուկաների, այդ թվում՝ գազի ձևավորումը, մնում է եվրասիական ինտեգրման հիմնական խնդիրներից մեկը և պետք է ավարտվի մինչև 2025 թվականը:
«Միության մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մենք շարունակում ենք աշխատել Միության ընդհանուր էներգառեսուրսների ընդհանուր շուկաների համար անհրաժեշտ նորմատիվ-իրավական բազայի ձևավորման ուղղությամբ: Դրանց ստեղծումը կապահովի ռեսուրսների ոչ խտրական հասանելիություն շուկայի բոլոր մասնակիցների համար»,- ասել է Շուլգինովը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ էր ուղարկել ԵԱՏՄ երկրներ: ԵՏՀ-ում նշել են, որ փաստաթղթի համաձայնեցման համար արդեն պատրաստ է մանրամասն ժամանակացույց: «Միևնույն ժամանակ, նշվել է, որ նախագիծը պետք է համալրվի գազի փոխադրման համակարգերի հասանելիության միասնական կանոններով, որոնք դեռևս չեն ներկայացվել ռուսական կողմից»,- ասվում է ԵՏՀ հայտարարության մեջ:
Գազի ընդհանուր շուկան նախատեսվում է գործարկել 2025 թվականից: ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: