«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով: Այդ մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակը, բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը, ինչպես նաեւ կառավարման և գործարար միջավայրի, մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշները` համադրելի երկրների հետ համեմատության մեջ: Միևնույն ժամանակ, նշված դրական հանգամանքներին զուգահեռ գործակալությունն առանձնացրել է բարձր արտարժութային պետական պարտքի, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսների և աշխարհաքաղաքական լարվածության գործոնները:
Գործակալությունն անդրադարձել է նաև 2021 թվականի երկրորդ եռամսյակի իրական ՀՆԱ-ի` նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ 13.2 տոկոս աճին, որը պայմանավորված էր շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ծավալների աճով, ինչպես նաև դրամական փոխանցումների զգալի ներհոսքով` միևնույն ժամանակ կանխատեսելով 2021 թվականի իրական ՀՆԱ-ի 5.5 տոկոս աճ: