Հայկական պատվիրակությունը Չեխիայում կքննարկի Ստեփանավանի օդանավակայանի արդիականացման հարցը: Հոկտեմբերի 11-ին Հայաստանի պատվիրակությունը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ, եռօրյա այցով կմեկնի չեխական Օլոմոուց: Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, պատվիրակությունը տեղում կծանոթանա նոր ինքնաթիռների արտադրությանը։
Այս տարվա հուլիսին Armenia Today-ը հայտնել էր Արմեն Սիմոնյանի և չեխական Balus Tech ընկերության ներկայացուցիչների հանդիպման մասին: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, կողմերը քննարկել են Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման, ինչպես նաև նրա տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպման հարցը: Արմեն Սիմոնյանը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը` պատրաստակամություն հայտնելով հետագա համագործակցության համար: Կողմերը որոշել են անցկացնել ևս մեկ հանդիպում չեխական ընկերության նախագծի առավել մանրամասն քննարկման համար, որն իրականացնելու դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը: