Ջրի սակագնի փոփոխությունը պարբերական գործընթաց է։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Նա նշեց, որ «Վեոլիա ջուր» ընկերության սակագնի բարձրացման հայտի մուտքը եղել է օգոստոսի սկզբին, այժմ Ջրային կոմիտեի և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մոնիթորինգ է իրականացվում։
««Վեոլիա ջուրը» համակարգը վարձակալել է 15 տարով, վարձակալն իր մրցույթի արդյունքում ներկայացրել է 15 տարվա բազիսային գներ, որոնք ենթարկվում են ճշգրտման։ Քննարկվում է նաև վարձակալության պայմանագրի վերանայումը։ Քննարկում ենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ ունենանք որոշակի հաստատուն գնային քաղաքականություն՝ 10 տարվա համար»,- մանրամասնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով՝ թեև «Վեոլիա ջուրը» ներդրումներ է անում, սակայն ներդրումների հաշվին գինը բարձրացնելու հնարավորություն չունի, բայց ունի պարտավորություն ներդրումներ իրականացնելու։
«15 տարվա համար ներդրումները կազմում են շուրջ 37 մլրդ դրամ։ Ներդրումները բազիսային գնի վրա ազդեցություն չունեն։ Եթե բազիսային գինը 2022-ին դառնում է 214 դրամ, միևնույն է, դառնալու է իր ճշգրտումներով։ Մենք կարող ենք թեկուզ մինչև 2035թ․ գինը չբարձրացնել՝ համապատասխան վարձակալության վճարները պետական բյուջե չվճարելով։ Նախատեսված է մոտ 6․8 մլրդ վարձակալության վճար, կարելի է այդ գումարը չուզել ու նույնիսկ իջեցնել գինը։ Նույն այդ 180 դրամը, որ երեք տարի պահվում էր, պահվում էր վարձակալության վճարները համապատասխան չափը նվազեցնելով»,- բացատրեց Գարեգին Բաղրամյանը և հավելեց, որ նպատակահարմար չէ բյուջեի հաշվին ջրի ավելի քիչ գին վճարել։
Հիշեցնենք, որ Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է զգալիորեն բարձրացնել իր սակագները մինչև 223,7 դրամ մեկ խորանարդ մետրի համար ներկայիս 180-ի փոխարեն։