Եվրասիական տնտեսական միության երկրներում գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագիրը քննարկման փուլում է։ Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Նուր-Սուլթան առցանց տեսակամրջի ժամանակ հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Թեմիրբեկ Ասանբեկովը։ Նրա խոսքով՝ այս հարցն այսօր շատերին է մտահոգում, հատկապես աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ 1000 խորանարդ մետր գազի գինը կազմել է 1073 դոլար: Ըստ նրա՝ էներգառեսուրսների գների աճի ֆոնին գազի ընդհանուր շուկայի ստեղծման հարցն ավելի արդիական է դառնում։
«Համաշխարհային շուկաներում խուճապով ուղեկցվող պատային իրավիճակ է ստեղծվել, և այդ պատճառով այսօր կարելի է համարձակորեն խոսել այն մասին, որ մեր միության ներսում ճիշտ հայեցակարգ է ընդունվել, ըստ որի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները գազ են ստանում այն գնով, որով ստորագրվել են միջկառավարական համաձայնագրեր»,- նշել է ԵՏՀ նախարարը:
Նա խոսքով՝ հարցը ոչ թե գնագոյացման, այլ հավասար իրավունքների մասին է, իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել հավասար մրցակցային միջավայր, հաստատել էներգառեսուրսների առաքման ծավալները, ինչը ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական հատվածի կայուն զարգացման երաշխիքն է:
«Միջազգային համաձայնագրերի շրջանակներում կողմերը շարժվում են ավելի սերտ ինտեգրման ուղղությամբ։ Այդ հարցը կդրվի պետությունների ղեկավարների քննարկմանը, նրանց որոշումից հետո հնարավոր կլինի վերջնականապես խոսել մոտ ժամանակներս պայմանագրի ստորագրման հնարավորության մասին»,- ասել է Տեմիրբեկ Ասանբեկովը։