Այս տարվա առաջին կիսամյակում արձանագրված զարմանալիորեն ուժեղ վերականգնումը խթանեց տնտեսական ակտիվությունը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նոր ձևավորվող շուկաներ և զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, և, կանխատեսումների համաձայն, 2021թ տարածաշրջանային տնտեսության աճը կլինի սպասվածից բարձր, այն է՝ 5.5 տոկոս, նշված է այսօր հրապարակված Համաշխարհային բանկի ԵԿԱ տարածաշրջանի տնտեսական տեսության ամենավերջին խմբագրված տարբերակում:
Հայաստանի տնտեսական աճը այս տարի, ըստ ՀԲ կանխատեսումների, կկազմի 6,1 տոկոս (նախկինում կանխատեսվել էր 3,4 տոկոս), 2022-ին՝ 4,8 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 5,4 տոկոս:
Վերականգնումը մեծապես պայմանավորված էր այս տարվա առաջին կիսամյակում եվրագոտում գրանցված ակտիվության արագ վերականգնման և ապրանքների գների շեշտակի աճի պայմաններում արտահանումների հզոր վերականգնմամբ, ինչպես նաև պատվաստումների և աջակցության փաթեթների տրամադրման արդյունքում ներքին պահանջարկի աճով: Արտահանումների աճի տեմպը կարող է թուլանալ այսօր աշխարհում, այդ թվում՝ տարածաշրջանում «ՔՈՎԻԴ-19»-ի առավել վարակիչ տարբերակների տարածման պատճառով, որի արդյունքում տարածաշրջանում արդեն ընկել է ներքին պահանջարկի վերականգնման տեմպը:
Կանխատեսվում է, որ 2022թ. տարածաշրջանային աճի տեմպը կդառնա չափավոր և արտաքին ու ներքին պահանջարկի կայունացման և համավարակի առնչությամբ տրամադրվող աջակցության դադարեցման պայմաններում կկազմի 3.4 տոկոս:
Ընդհանուր առմամբ, հետազոտությունները ցույց են տալիս, որ պետական աջակցություն ստացած ընկերությունների շրջանում ավելի մեծ է նվազ արդյունավետ ընկերությունների թիվը, և ավելի խոշոր ընկերությունները ստացել են աջակցություն վճարումների երկարաձգման և հարկաբյուջետային արտոնության տեսքով, իսկ աջակցության միջոցառումներն ուղղվել են ընկերություններին՝ նախքան ճգնաժամը նրանց ունեցած նորարարության մակարդակից անկախ:
Կարևոր է, որ տնտեսական վերականգնման փուլ թևակոխելուն զուգընթաց բոլոր երկրների քաղաքականություն ձևավորողները նպատակահարմար պահին փուլային տարբերակով դադարեցնեն աջակցության միջոցառումները և ուշադրությունը կենտրոնացնեն մրցակցային գործարար միջավայրի խթանման վրա, ինչը հանգուցային նշանակություն ունի ամուր վերականգնման, ապագա ճգնաժամերի նկատմամբ դիմակայունության, կայուն ու տևական տնտեսական աճի համար: