Հայաստանը մասնակցում է Եվրոպայում սննդի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսին՝ «Անուգա 2021»-ին։
Ինչպես տեղեկացրել են Երևանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի ծառայությունից, Հայաստանը հոկտեմբերի 9-13-ը Գերմանիայի Քյոլն քաղաքում կայանալիք ցուցահանդեսին ներկայացված է ութ ընկերություններով, որոնք արտադրում են բուսական թեյ, ջուր և պահածոներ:
Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շնորհիվ: Ծրագիրն իրականացնում է Առևտրի համաշխարհային կենտրոնը` Եվրամիության աջակցությամբ:
Anuga 2021-ը շփումների հաստատման և վաճառքի խթանման ամենամեծ միջազգային հարթակն է, որտեղ համավարակի մեկնարկից հետո ներկայացված են հայկական ընկերությունները: Ցուցահանդեսին մասնակցությունը նպաստում է տեղական արտադրության խթանմանը, ինչպես նաև արտահանման ծավալների և աշխարհագրության ընդլայնմանը:
Նշենք, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 4000 ընկերություններ աշխարհի 94 երկրներից: «ԵՄ նախաձեռնությունը բիզնեսի համար Հայաստանում» ծրագիրը աջակցում է Արևելյան գործընկերության երկրների փոքր և միջին ձեռնարկություններին՝ նոր շուկաներ դուրս գալու համար, հատկապես Եվրոպական միությունում: Հայաստանում ծրագիրը հիմնականում աջակցում է գյուղմթերքի վերամշակման ոլորտին, հատկապես վերամշակված մրգերի, բանջարեղենի, չորացրած մրգերի և բանջարեղենի, խոտաբույսերի և բուսական թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերություններին: