Ռուս-վրացական սահմանին Վերին Լարսի հսկիչ-անցագրային կետի վերակառուցման արդյունքում 2022 թվականի վերջին դրա թողունակությունը 6,5 անգամ կավելանա: Այս մասին «Հայ-ռուսական գործարար համաժողովի» շրջանակներում հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը։ Նրա խոսքով՝ ներկայումս ընթանում է Վերին Լարսի անցակետի՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային հաղորդակցության հիմնական կետի վերակառուցումը։
Փոխնախարարը հավելել է, որ 2022-ի կեսերին պետք է ավարտվի թեթև մարդատար տրանսպորտի, իսկ 2022-ի վերջին՝ բեռնատար տրանսպորտի համար նախատեսված վերակառուցումը։ Արդյունքում, նրա խոսքով, անցակետերի թողունակությունը կավելանա օրական մինչև 2650 ավտոմեքենայով։ Նրա խոսքով՝ դա լուրջ գործնական քայլ կլինի երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ, կնպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը։ Ռուս պաշտոնյան նշել է, որ այն կթեթևացնի այն գործարարների աշխատանքը, որոնք զբաղված են ինչպես Հայաստանից Ռուսաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ արտադրանք մատակարարելով։