Մինչև 3 հա հողատարածքում ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրի վարձավճարը կփոխհատուցի պետությունը: Այս մասին որոշում ընդունվեց կառավարության հոկտեմբերի 14-ի նիստի ժամանակ:
Ինչպես հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավել է 2-3 անգամ: Կաթիլային կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերն իրենց բնույթով ներկայացնում են ճնշումային խողովակաշարերի առկայություն, որոնք հնարավորություն են տալիս հաշվառել ջրի ծավալը:
Կանխատեսվող կաթիլային, անձրևացման համակարգ ներդրողները 22.0 հազ. հա հողատարածքի համար կօգտագործեն շուրջ 88.5 մլն. մ3 ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի ծախսը կնվազի 2-3 անգամ: Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր, կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով:
Գնել Սանոսյանը հայտնեց, որ այսպիսով կխթանվի գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը՝ իրենց հողակտորներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգեր ներդնող տնտեսավարողներին պետական աջակցություն ցուցաբերելու միջոցով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այսօր օգտագործվող ոռոգման համակարգերը չունեն ապագա:
«Պետք է ամեն ինչ անել, որ ողջ հանրապետությունն անցնի կաթիլային ոռոգման»,- ասաց Փաշինյանը: