Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղողագործների միավորման և ասոցիացիա ձևավորելու առաջարկը պոպուլիստական հայտարարություն որակեց:
Խաղողագործն Armenia Today-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանում ասոցիացիաներն ապագա չունեն, նման փորձեր եղել են, որոնց կառավարումն արդյունավետ չի եղել:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական ականջահաճո հայտարարությունն է անում, որն ապագա չունի: Հերթական հեքիաթներն են: Այսօր պետությունը չի կարողանում վերամշակող ընկերության և արտադրողի միջև կամուրջ ստեղծել, արդյունավետ բանակցություններ վարել և պաշտպանել արտադրողի շահերը: Գյուղացիները մեծ ներդրումներ են արել, և խաղողի այգիներ հիմնել, բայց պետությունը նրանց միայնակ է թողել և հիմա հայտարարում է, թե միավորվեք: Ես խաղաղագործ եմ, ո՞ւմ միավորվեմ: Խաղողագործներից շատերը դեմ կլինեն միավորմանը: Հայաստանում ձևավորված ոչ մի գյուղատնտեսական ասոցիացիա չի գործում, դրա մասին վարչապետը չգիտի՞»,- նկատեց Արտակ Սարգսյանը:
Ըստ Փաշինյանի՝ եթե խաղողագորներն այգիները միավորեն, իրենք հաջորդ տարվա համար կկարողանան այսօրվանից բանակցել մթերողների հետ ու անհրաժեշտության դեպքում նաև հարցեր բարձրացնել կառավարության առաջ:
Խաղողագործի խոսքով՝ իրենք այսօր չեն վստահում իշխանությանը, քանի որ պետությունը չի վերահսկում խաղողի մթերման գործընթացը, վերամշակող ընկերությունները գործում են սեփական խաղի կանոններով:
«Վերամշակող ընկերությունները գցում են խաղողի գինը՝ անհարկի մեթոդների դիմելով: Կամայական գնային քաղաքականություն է տարվում: Եթե պետությունը բանակցող է, թող այս սեզոնին բանակցեր, և խաղողի մթերման գինը չնվազեցնեին: Խաղողի շաքարայնությունը հաշվի չեն առնում, գործարաններն այսօր միայն իրենց գերշահույթի մասին են մտածում: Խաղողագործի և վերամշակող ընկերության միջև կնքած պայմանագիրը չի գործում, պետությունը սա չի վերահսկում: Այս ամենը պետությունն անտեսում է, նույնը լինելու է նաև ասոցիացիաների դեպքում, ոչ մի օրենսդրություն չի գործելու: Վերամշակող ընկերություններն ունեն իրենց հումքային բազան և աշխատում են, նրանց պետք չէ գյուղացու արտադրանքը»,- մատնանշեց Խաղողագործների միության նախագահը:
Արտակ Սարգսյանի կարծիքով, թեև խաղողագործները պայքարեցին, բայց խաղողի մի մասն այդպես էլ դաշտում մնաց:
«Վարչապետը լավ կանի հանձնարարի, որ վերահսկողություն սահմանեն խաղողի մթերման գործընթացում: Եթե գործարանները մթերման գինը չնվազեցնեն, կատարեն նախապես կնքած պայմանագրերի բոլոր կետերը, խաղողի մթերման հարցում որևէ խնդիր չի լինի: Լավ կլինի՝ պետությունը սրա մասին մտածի, ասոցիացիաներ պետք չեն: Միևնույն է, ասոցիացիաների դեպքում էլ վերամշակող ընկերությունները, ինչպես հիմա, այնպես էլ այդ ժամանակ իրենց պայմանագրային պարտավորությունները չեն կատարելու»,- նշեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղողագործներին կոչ արեց միավորվել և ասոցիացիաներ ձևավորել:
Փաշինյանի համոզմամբ՝ ճիշտ չէ, երբ Կառավարությունը գնում և պահանջում է, թե ինչ գնով պետք է մթերեն խաղողը: Դա խաղողագործների և մթերողների բանակցությունների և շուկայական հարաբերությունների կարգավորման հարց է:
Հիշեցնենք, որ այս տարի մթերող գործարանները նվազեցրել են խաղողի մթերման գինը՝ 130 դրամի փոխարեն մեկ կիլոգրամ խաղողի դիմաց առաջարկելով 100-110 դրամ:
Խաղողագործները բազմաթիվ ակցիաներ անցկացրին: Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ խնդիրը լուծվել է, և գործարանները 130 դրամով խաղողը կընդունեն: Մինչդեռ խաղողագործների պնդմամբ՝ գործարանները ցածր գներով են ընդունել խաղողը, բերքի մի մասն էլ այգում է փչացել: