Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հետագա ինտեգրման հարցերը, էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը, համագործակցությունը բնապահպանական ոլորտում և թվայնացման խնդիրները եղել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) հինգշաբթի կայացած նիստի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությունը շարունակում է զարգանալ և ամրապնդվել համաճարակի հետ կապված դժվարությունների, ինչպես նաև միության որոշ երկրների վրա Արևմուտքի պատժամիջոցների ճնշման պայմաններում: Այնուամենայնիվ, ԵԱՏՄ պետություններում շարունակվում են տնտեսական աճն ու համագործակցությունը, 2021 թվականի առաջին վեց ամիսներին կազմակերպության շրջանակներում ապրանքաշրջանառությունն աճել է մեկ երրորդով, նշել է նա:
Արտաքին անբարենպաստ պայմանները, ՌԴ նախագահի խոսքով, լրացուցիչ ձևով խթանում են Միության ներսում փոխգործակցության ամրապնդումը, նոր մասշտաբային նախագծերի վրա աշխատանքը: Այսպես, ներկա նիստի հաստատմանն են դրվել Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման երկրորդ փուլին անցնելու հարցերը, պատրաստվել է համատեղ հայտարարության նախագիծ բնապահպանական ոլորտում համագործակցության մասին, թափ է հավաքում թվայնացման ոլորտում համատեղ գործունեությունը:
ՌԴ նախագահը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման հաջողությունները գրավում են մի շարք արտասահմանյան շահագրգիռ երկրների ուշադրությունը, միության աշխատանքին գնալով ավելի ակտիվ են միանում դիտորդ պետությունները: Այսպես, հուլիսին ուժի մեջ է մտել Սերբիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, քննարկվում են Եգիպտոսի, Իրանի հետ համանման պայմանագրեր, հավանության է արժանացել Հնդկաստանի հետ բանակցությունների մեկնարկը: «Այս ամենը շատ օգտակար է եվրասիական ինտեգրման հնարավոր ընդլայնման և Եվրասիական մեծ գործընկերության ստեղծման նախաձեռնության կյանքի կոչման տեսանկյունից», – ասել է ՌԴ նախագահը: Նա ընդգծել է, որ «որքան ավելի ակնհայտ լինեն ԵԱՏՄ – ի իրական ձեռքբերումները տնտեսության, առևտրի, սոցիալական ոլորտում, իսկ գլխավորը՝ քաղաքացիների բարեկեցության բարձրացման գործում», այնքան ավելի ծանրակշիռ կլինի միավորման հեղինակությունն ու նրա ազդեցությունն աշխարհում: