Ռուսաստանի և Հայաստանի միջև 2022-2027 թթ. համագործակցության ծրագիր է նախապատրաստվել։ Այս մասին ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Հայաստանն ունեն բոլոր հնարավորությունները կայուն և դինամիկ զարգացման, բազմապլանային փոխգործակցության համար։ Խոսքը ինչպես առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում, այնպես էլ ենթակառուցվածքային լայնածավալ նախագծերի իրականացման մասին է։
«Համոզված եմ, որ Ռուսաստանի տարածաշրջանների հետ Հայաստանի հետագա համագործակցությունը կծառայի ի շահ մեր եղբայրական երկրների ժողովուրդների»,- նշել է նա՝ հավելելով, որ այդ գործում մեծ ներդրում ունի միջտարածաշրջանային համագործակցությունը:
Օվերչուկը հավելել է, որ ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի անցկացումն ընդգծում է երկու երկրների միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը:
«Մեր երկրներն ու ժողովուրդները կապում են բարեկամությունն ու ընդհանուր բազմադարյա պատմությունը։ ԵԱՏՄ մյուս երկրների հետ մենք միասնական շուկաներ ենք ձևավորում բարենպաստ միջավայրով, որոնք կոչված են ընդգրկելու միության անդամ պետությունների ավելի քան 182 մլն քաղաքացիների: Վստահ եմ, որ ինտեգրումը կշարունակվի՝ ի շահ մեր մարդկանց կենսամակարդակի բարձրացման»,-եզրափակել է Ռուսաստանի փոխվարչապետը: