Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրի և ներդրումների ակտիվ զարգացմամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովին:
Նրա խոսքով, առաջիկա տարիներին ռուսական ընկերությունները ծրագրում են ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի տնտեսությունում: Ռուսական բիզնեսը, ինչպես նշեց նախարարը, կարող է առաջարկել ամենաարդյունավետ լուծումները տարբեր ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման համար` տրանսպորտ, էներգիա, սոցիալական ենթակառուցվածքներ: Եվ պատահական չէ, ըստ նախարարի, որ ժամանել են ավելի քան 40 ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ագրոարդյունաբերական համալիրը, քիմիական և սննդի արդյունաբերությունը, մեքենաշինությունը, բժշկությունը, դեղագործությունը և այլն:
«Շատ կարևոր է, որ այս բոլոր լուծումներն արդեն ակտիվորեն օգտագործվում են Ռուսաստանի մարզերում»,- ասաց Ռեշետնիկովը՝ հավելելով, որ այդ լուծումները փորձարկվել են կոնկրետ ձեռնարկություններում և կարող են արագորեն կիրառվել Հայաստանում և օգուտ տալ մարդկանց: «Մենք ակնկալում ենք, որ ֆորումի հիմնական արդյունքը կլինի նոր համատեղ նախագծերի շուրջ համաձայնությունը»,- ասաց Ռեշետնիկովը՝ հավելելով, որ Հայաստանը Ռուսաստանի ամենակարևոր ռազմավարական գործընկերն է: