Իշխանությունների տված խոստման համաձայն մինչև նոյեմբեր Տաթև-Աղվանի ճանապարհը պատրաստ կլինի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Շինարարությունն ընթացքի մեջ է, գրեթե 24-ժամյա ռեժիմով են աշխատում։ Եռաշերտ ասֆալտի փոխարեն, ճանապարհը որոշ հատվածներում երկշերտ ասֆալտով կպատվի։ Եթե նույնիսկ հետո թերություններ ի հայտ գան, մենք երկրորդ շերտը դնելուց առաջ այդ թերությունները կշտկենք, նոր երրորդ՝ վերջնական շերտը կտեղադրենք, բայց երկու շերտն ամբողջովին բավարար է, որպեսզի ճանապարհը նորմալ անցանելի լինի»,- մանրամասնեց նախարարը։
Անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածին՝ ՏԿԵ նախարարը նշեց, որ նախագծի հետ կապված առաջիկայում բավական մեծ մրցութային պրոցես կլինի, որին տարբեր միջազգային շինարարական կազմակերպություններ կմասնակցեն։
Նախարարը նաև հավելեց, որ Իրանը հետաքրքրված է «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման գործընթացում։ Գնել Սանոսյանի կարծիքով՝ ռուս գործընկերները ևս հնարավոր է ցանկություն ունեն մասնակցելու ճանապարհաշինական աշխատանքներին։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե իշխող ուժը ինչպես է վերաբերվում ՏԻՄ ընտրություններրի արդյունքներին և որոշ համայնքներում իրենց պարտությանը։
Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ իրենք բավականին հանգիստ ու հարգանքով են վերաբերվում քաղաքացիների կատարած ընտրությանը, իսկ հետևությունները կանեն քննարկումների արդյունքում։
«Ես Գյումրիում եղած արդյունքն ավելի շատ կապում եմ շատ ցածր մասնակցության հետ ինչը, կարծես, սպասելի չէր և զարմանալի էր։ Արդյունքների նման ելքը կապում եմ այդ իրավիճակի հետ»,- նկատեց կառավարության անդամը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ՀՀ 6 մարզի 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել, Գորիս և Գյումրի քաղաքներում իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները չեն ընտրվել։