Կառավարությունը հաստատել է 2022թ․ ՀՀ պետական բյուջեի նախագիծը, որը շուտով՝ հոկտեմբերի 25-ից կքննարկվի Ազգային ժողովում։ Որքանո՞վ է 2022-ի բյուջեն համարժեք այն տնտեսական իրավիճակին ու մարտահրավերներին, որոնք այսօր առկա են Հայաստանում։ Գնահատելով ներկայացված նախագիծը՝ տնտեսագետ Սուրեն Պարսյանն Armenia Today-ի հետ զրույցում նշեց, նախատեսված բյուջեն չի կարող լուծել ՀՀ տնտեսության և մեր ժողովրդի անգամ նվազագույն խնդիրները։
«2022 թվականի պետական բյուջեով նախատեսված է, որ եկամտային մասն աճելու է 28,9, իսկ ծախսային մասը՝ 18,2 տոկոսով։ Ցանկացած բյուջե տվյալ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է, որը կոչված է լուծել այդ երկրի առջև ծառացած խնդիրները։ Պետք է արձանագրենք, որ 2022թ․ բյուջեն չի կարողանալու լուծել մեր տնտեսության և մեր ժողովրդի անգամ նվազագույն խնդիրները։ Այս տեսանկյունից պետք է հաշվի առնել սոցիալական, առողջապահական, անվտանգային ու տնտեսական խնդիրները։ Մյուս կողմից, բնականաբար, կարելի է ասել, որ այնքան գումար չենք կարողանալու հավաքագրել, որ կարողանանք հետագայում ծախսել։ Հաշվի առնելով այս տարվա 6,7 տոկոս գնաճը՝ սոցիալական ծախսերի աճը չի կարողանալու փոխհատուցել այս գնաճի հետևանքով առաջացած բացասական հետևանքները։ Այսինքն՝ երբ կառավարությունը հայտարարում է թոշակներն ու նպաստներն ավելացնելու մասին, միևնույն է, այդ գումարն ավելի փոքր է լինելու, քան գնաճը»,- ասել է տնտեսագետը։
Խոսելով պաշպանական ոլորտում անհրաժեշտ միջոցառումների մասին՝ նա հավելեց․ «Հաշվի առնելով Արցախյան վերջին պատերազմը և դրա բացասական հետևանքները՝ մեր պաշտպանության վրա պետք է մեծ գումարներ դնենք, որ կարողանանք լուծել նոր սահմանի կահավորման, զինման և նաև նոր զինվորականների ներգրավման հարցը։ Ակնհայտ է, որ այդ գումարները չկան»։
Անդրադառնալով կանխատեսվող տնտեսական աճին՝ նա նշեց․
«Կառավարությունը հայտարարել է, որ 2022-ին նվազագույնը 7 տոկոսանոց տնտեսական աճ պետք է ապահովվի, բայց այդ 7 տոկոսանոց աճը հնարավոր է միայն Ամուլսարի շահագործման պայմաններում։ Եթե այդ հարցը չլուծվի, 7 տոկոսանոց տնտեսական ակտիվություն չի լինի։ Եթե շահագործվի ու ապահովենք 7 տոկոսանոց աճ, ապա փաստենք, որ Հայաստանի տնտեսությունը, ըստ էության, կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա։ Արդեն իսկ մեր արտահանման մոտ 40 տոկոսը հանքահումքային արտադրանք է։ Մինչդեռ, հանքարդյունաբերությունից եկող օգուտները ժամանակավոր են ու երկարաժամկետում թե՛ առողջապահական, թե՛ բնապահպանական լուրջ ծախսեր են առաջացնում։ Իսկ կառավարությունը, օրինակ, բնապահպանական ծախսերը պետական բյուջեով նվազեցրել է, իսկ առողջապահական ու մյուս ուղղություններով աճը համահունչ չէ ժամանակի մարտահրավերներին, ինչպիսին կորոնավիրուսն է։ Ընդհանուր առմամբ, մեծ պետական բյուջե ունենալու համար պետք է տնտեսական աճ ու զարգացում ունենանք, իսկ վերջին տարիների ընթաքում 2022-ին նման թռիչքաձև աճի հիմքեր չենք ստեղծվել»։
Նրա խոսքով՝ միակ հիմքը Ամուլսարի հանքն է, որը կարող է շահագործվել։ Սուրեն Պարսյանը շեշտեց նաև արտաքին պարտքից բխող խնդրի մասին։
«2022 թվականի պետբյուջեի մոտ 23 տոկոսը կամ 1 մլրդ դոլարը հատկացվելու է արտաքին պարտքի սպասարկմանը։ Տարեցտարի այդ գումարն ավելանալու է, այսինքն՝ փող ենք հավաքելու ու բյուջեի եծ մասը տալու ենք նախկինում վերցված պարտքերի մարմանը։ Միայն այս տարվա ընթացքում 9 ամիսների հաշվարկով կառավարությունը շատ արագ տեմպերով ավելացրել է պետական պարտքը։ Ստացվում է՝ արագ տեմպերով պարտքն ավելացնում են, բայց մեր եկամուտները նման արագ տեմպերով չեն ավելանում։ 2022 թվականին բյուջեում դեֆիցիտը նվազելու է, ավելի քիչ պարտք ենք վերցնելու բյուջետային ծախսերը ֆինանսավորելու համար, բայց դա խնդիր չի լուծում։ Դա չի լուծում այս տարիներին ու հենց այս տարվա ընթացքում կուտակած պարտքի խնդիրը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։