2021 թվականի սեպտեմբերին աշխատաշուկան ևս մեկ անգամ թարմացրել է իր լավագույն ցուցանիշը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նրա՝ հարկման բազա ունեցող աշխատատեղերի քանակը կազմում է 651հազար, հարկման բազան՝ 145 մլրդ դրամ, միջին աշխատավարձը՝ 223 հազար դրամ:
Ամենաբարձր աշխատավարձ տվող երեք ոլորտները՝ ԻՏ, աշխատակիցների քանակն առաջին անգամ գերազանցել է 15 հազարը, միջին աշխատավարձը՝ 818 հազար, մետաղական հանքեր՝ աշխատակիցների քանակը 8639, միջին աշխատավարձը՝ 522 հազար, շահումով խաղեր (կիսաԻՏ)՝ աշխատակիցների քանակը 6522, միջին աշխատավարձը՝ 513 հազար:
Այս երեք ոլորտներում, ինչպես հայտնել է նախարարը, միասին աշխատում են ընդհանուր թվի 4,64%, բայց վճարվում է ընդհանուր բազայի 13,88%․ այսինքն՝ երեք անգամ ավելի, քան ընդհանուրի միջինը։
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում սեպտեմբեր ամսվա դրությամբ 90 304 մարդ աշխատանք է փնտրում (2% տարեկան աճ), որոնցից 60 826-ը համարվում են գործազուրկ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 1,2%-ով:
Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի 2021 թվականի հաշվետվության մեջ գործազրկությունը կազմում է 15,7 % (նախորդ 7,9%-ի և 2020 թվականի18,1% համեմատ):