ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Facebook-յան իր էջում ներկայացրել է Ջերմուկ համայնքում ենթակառուցվածքների արդիականացման առաջիկա ծրագրերը։
«Ներկայումս քաղաքում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնցից այս պահին իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը, իսկ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները: Կկառուցվի նաև «Եղնիկի» դիտահրապարակը, որն արդեն նախագծման փուլում է»,- նշել է նա։
Ըստ փոխվարչապետի՝ նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամ, որը ներդրվելու է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։
«Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը»,- հայտնել է Պապիկյանը։