2021 թվականի պետական բյուջեում սահմանված ցուցանիշի համեմատ 2022 թվականի ծախսերը կաճեն 18,2 տոկոսով: Այս մասին երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:
Նրա խոսքով՝ մինչև 2022 թվականի վերջ ՀՆԱ-ի աճը կկազմի 7 տոկոս, 2021 թվականի ծրագրային ցուցանիշի համեմատ ՀՆԱ-ն կաճի 635,9 մլրդ դրամով, իսկ միջին գնաճը 2022 թվականին կհասնի 5,6 տոկոսի:
Հաջորդ տարվա բյուջեի նախագծի համաձայն՝ պետական գանձապետական եկամուտները և պաշտոնական փոխանցումները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 946,2 մլրդ դրամ, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հավաքագրումն ու պետական տուրքերը կավելանան 0,9 տոկոսով։
Ինչպես նշեց ֆինանսների նախարարը՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծախսերը կարձանագրեն աննախադեպ աճ՝ ՀՆԱ-ի 4,4 տոկոսը, իսկ կապիտալ ծախսերը կկազմեն 350 մլրդ դրամ։
Ըստ Խաչատրյանի՝ ենթակառուցվածքային, ինչպես նաև մարզերի զարգացման ծրագրերին կհատկացվի 278,6 մլրդ դրամ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համար հատկացումները 2022 թվականին կկազմեն 223,3 մլրդ դրամ։ 2022 թվականին գիտության ոլորտում նախագծերի ֆինանսավորման համար 83%-ով ավելի շատ կհատկացվի, քան 2021 թվականին: Սոցիալական ապահովության ծրագրերին կհատկացվի շուրջ 580 մլրդ դրամ։