Եկող տարվա մեր կանխատեսումները շատ իրատեսական են։ Այս մասին ԱԺ-ում Բյուջե 2022-ի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանեով Armenia Today-ի թղթակցին հարցին, թե իրատեսակա՞ն է արդյոք 7 տոկոսի տնտեսական աճը, եթե գնաճը խժռում է այն։
Դրանք, Խաչատրյանի խոսքով, մեծ չափով կախված են այն աշխատանքներից, որոնք նախագծում և իրականացնում է կառավարությունը։ Նա նշեց, որ առաջնային են ենթակառուցվածքային և սոցիալական ծախսերը։
«Այն հանգամանքը, որ գնաճը բարձր է, մտահոգիչ է, այն, որ բարձր գնաճը որոշակի չափով տուգանում է տնտեսական աճը, դա էլ է փաստ։ Բարձր գնաճի դեպքում ԿԲ-ն, որպեսզի կառավարելի լինի, ավելացնում է տոկոսադրույքը 0,25 տոկոսով։ Դա առաջացնում է վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ, որը որոշակիորեն զսպում է նաև տնտեսական ակտիվությունը։ Մենք հիմա նաև դրա ականատեսն ենք լինում»,- ասաց Խաչատրյանը։
Խաչատրյանն ասաց, որ այն, ինչ կատարվում է, անսպասելի չէր, գիտեին, որ տարին ավարտվելու է գնաճային միջավայրում, գիտեին նաև, որ Կենտրոնական բանկն իր գործիքակազմով անելու է ամեն բան կառավարելի միջավայր ստեղծելու համար։