Հայաստանի միգրացիոն ծառայության աշխատակազմը` Ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, այսօր ընդունել է Եվրոպական միգրացիոն ցանցի պատվիրակությանը` քննարկելու Հայաստանի Հանրապետության` դիտորդի կարգավիճակով ցանցին միանալու հնարավորությունը: Այս մասին մասին հայտնում են ՀՀ միգրացիոն ծառայությունից։
Եվրոպական միգրացիոն ցանցի նպատակը, որ սահմանվել է կազմակերպության խորհրդի որոշմամբ 2008-ին, միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելն է և ապահովելը անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն` Եվրոպական միությունում քաղաքականություն մշակողներին աջակցելու նպատակով: Ցանցը կոչված է վստահելի տեղեկությունների աղբյուր հանդիսանալու նաև հանրության լայն շերտերի համար:
ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, պատրաստակամություն է հայտնել կիսվելու հայաստանյան միգրացիոն փորձառությամբ, գործընթացների վերաբերյալ տեղեկատվությամբ, և համապատասխանաբար, ստանալու նաև տեղեկություններ ցանցի գործունեության, կառուցվածքի և փորձառության մասին: «Այս հանդիպումը կարևոր է և՛ մեզ համար` հասկանալու Եվրոպական միգրացիայի ցանցին միանալու առավելությունները, դիտորդի կարգավիճակի առանձնահատկությունները, և՛ ձեզ համար` ծանոթանալու հայաստանյան փորձին, պատկերացում կազմելու մեր միգրացիայի և ապաստանի համակարգի վերաբերյալ»,- ասաց նա:
Եվրոպական միգրացիոն ցանցը անհրաժեշտության դեպքում արդյունավետ համագործակցային կապեր է ստեղծում ԵՄ անդամ երկրների և Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ այլ երկրների միջև:
Եվրոպական միգրացիայի ցանցի ներկայացուցիչ Ադոլֆո Սոմմարիբասը իր հերթին պատրաստակամություն է հայտնել անմիջական և թափանցիկ համագործակցություն հիմնելու համար: «Մեր փորձառությունը ցույց է տալիս, որ որքան սերտ, անմիջական և արագ են գործընկերների միջև շփումները, այնքան արդյունավետ է ստացվում համագործակցությունը: Ուստի մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերն ու փոխանակվելու փորձով, որպեսզի կայուն աշխատանքային կապեր ստեղծենք»,- ասաց նա:
Հանդիպումը կազմակերպվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Գրասենյակի ղեկավար Քարել Հոֆթրան ևս կարևորեց դետալային քննարկումը՝ փորձի երկկողմ փոխանակման և անհրաժեշտ փաստերի արձանագրման համատեքստում:
2021-ին Վրաստանն ու Մոլդովան ցանցին միացել են որպես դիտորդներ: