ԱԺ-ն հերթական նիստում այսօր քննարկում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Օրինագիծը ներկայացնող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ամանորյա տոները կրճատելու մասին իրենց ներկայացրած նախագիծը զուտ տեխնիկական կամ տնտեսական նախագիծ չէ, այն քաղաքակրթական նախագիծ է:
«Ազգային ժողովը պետք է ազդարարի աշխատանքի՝ որպես հաջողության հասնելու միակ հնարավոր ճանապարհի մասին: Խոսքերս ուզում եմ ավարտել այս գրքի կարմիր թելը հանդիսացող չինական ասացվածքով՝ «Չկա մեկը, ով տարվա մեջ 360 օր անցնում է աշխատանքի արևածագից առաջ ու չի դարձնում իր ընտանիքը հարուստ»: Պետք է անցնենք աշխատանքի»,- ասաց նա։
Նշենք, որ սեպտեմբերի 16-ի կառավարության նիստում որոշում է ընդունվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
Ըստ դրա՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն)։ Այդ օրերը ոչ աշխատանքային կլինեն։ Իսկ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր են սահմանվում։