Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում ներկայացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությունում, Ոստիկանությունում և ԱԱԾ-ում 2022-ի բյուջեով նախատեսված ներդրումները և իրականացվող ծրագրերը:
Նա հայտնեց, որ հաջորդ տարի ԱԻ նախարարությունում նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր, որոնց շրջանակում՝ 9 միջոցառումներ:
Նախարարը մանրամասնեց, որ տեխնիկական անվտանգության կանոնակարգման, արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացման, սեյսմիկ պաշտպանության, փրկարարական ծառայությունների, ռազմավարական նշանակության պաշարների կառավարման և արտակարգ իրավիճակների պետական բնագավառի պետական քաղաքականության մշակման համար 2022-ի բյուջետային նախագիծը Արտակարգ իրավիճակների նախարարության մասով նախատեսվում է 13 մլրդ 975,8 մլն դրամ ծախսեր:
Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունում նախատեսվում է 2022-ին իրականացնել 2 ծրագիր, որոնց շրջանակում՝ 11 միջոցառում։ Ծրագրերը կրթական ծառայությունների և ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակմանն են վերաբերվում։
«Ոստիկանությունում 2022-ի բյուջետային նախագծով նախատեսված է 66 մլրդ 585,6 մլն դրամ ներդրում, որը 3 տոկոսով ավելի է 2021 թվականից»,- նշեց նա։
Ֆինանսների նախարարն ասաց, որ ԱԱԾ 2022-ի պետական բյուջեով նախատեսվում է 2 ծրագիր՝ պետական պահպանության ապահովում և ազգային անվտանգություն։ Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայությանը 2022 թվականի համար սահմանվել է 42 միլիարդ 669 միլիոն դրամ, որը 2021 թվականի հաստատված բյուջեի նկատմամբ ավելի է 22,85 տոկոսով։
Մանրամասները՝ տեսանյութում։