Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Փորթերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսին: Այս մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ ընդգծելով.
«ԱՄՀ հետ գործընկերությունը և նպատակային ծրագրերը, հատկապես հետպատերազմյան շրջանում ի ցույց դրեցին իրենց կարևորությունը և նպաստեցին մակրոտնտեսական կայունության պահպանմանը Հայաստանում: Տրամադրված ենք նույն ոգով շարունակել փոխգործակցությունը և պատրաստ ենք քննարկել հետագա համատեղ անելիքները»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում նշված բոլոր, ինչպես նաև իր գործունեության ծրագրով նախանշված մյուս ուղղություններով:
Վարչապետն անդրադարձել է կրթության, ենթակառուցվածքների, ներդրումների, հանքարդյունաբերության, հարկաբյուջետային և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մանրամասներ ներկայացրել ընթացիկ աշխատանքների եւ արդյունքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ բարեփոխումները փոխկապակցված են, և մեկի արդյունավետ իրականացումից է բխում մյուսի հաջող ընթացքը: Վարչապետը շեշտել է, որ բարեփոխումների հիմքը կրթական ռեֆորմն է: Հենց այս տեսլականից ելնելով էլ՝ հավակնոտ ծրագրեր են իրականացվում կրթության ոլորտում, որոնք միտված են 3 բաղադրիչի ապահովմանը՝ կրթական բովանդակություն, ֆիզիկական ենթակառուցվածք և մասնագիտական բարձր որակավորում:
Զրուցակիցներն արձանագրել են, որ կողմերի պատկերացումները ՀՀ-ԱՄՀ համագործակցության հետագա ընթացքի վերաբերյալ ընդհանուր առմամբ նույնական են և պայմանավորվել են շարունակել արդյունավետ գործընկերությունը: