ԱԺ-ում Բյուջետային քննարկումները շարունակվում են։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների օրակարգում՝ ՀՀ 2022թ. պետական բյուջեի նախագծում նախատեսված եկամուտները և ծախսերը սոցիալական ապահովության, նպաստների և թոշակների մասով հարցերն են։
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հատկացումները:
Նախարարությանը կհատկացվի 580 միլիարդ դրամ: 2021 թվականին հաստատված բյուջեով նախատեսված է եղել 503 միլիարդ 670 միլիոն դրամ ֆինանսավորում․ աճը կազմում է 15.1 տոկոս:
Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ՝ նախարարությունն իրականացնելու է 16 ծրագիր, 93 միջոցառում:
Նախարարի պարզաբանմամբ՝ պետբյուջեի նախագծով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերին հատկացված ֆինանսավորումն ամենամեծ ծավալը պարունակող ուղղությունն է։
«Սա բնական է, քանի որ այն սոցիալական կարևորագույն հարցերը, որոնք լուծվում են այդ գերատեսչության կողմից, իրենց թե ծավալով, թե նշանակությամբ ամենակարևորներից են»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը։