Հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրությունը փոխվում է, ուժեղացնում ենք վերահսկողությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Վերջինս ասաց, որ առաջիկա տարիներին ֆինանսական միջոցներն ուղղել են հինգ տասնյակից ավելի շահագործումն ավարտված պոչամբարների ռեկուլտիվացմանը։
Նախարարն անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործմանը։
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ իր լիազորությունների և իրավասությունների շրջանակում այս պահին որևէ մանդատ չունի՝ միջամտելու կամ ներազդելու գործընթացներին, քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել և չի վերհանվել այն օբյեկտիվ իրականությունը։
«Եթե քրգործի հանգուցալուծումից հետո վերհանվի այնպիսի օբյեկտիվ իրականություն, որը կարող է ազդել տվյալ տնտեսվարողի ունեցած ընդերքօգտագործման իրավունքի, ՇՄԱԳ դրական փորձաքննության, ջրօգտագործման թույլտվության վրա, բնականաբար, մեր գործիքակազմերով կմիջամտենք»,- նշեց նախարարը։
Պետրոսյանը շեշտեց, որ այս պահին տնտեսվարողն ունի բոլոր անհրաժեշտ իրավունքները, լիցենզիաները, թույլտվությունները, որոնք իրեն թույլ են տալիս շահագործելու Ամուլսարի հանքավայրը։
Նշենք՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հայտնել էր, որ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում է լինելու: