ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ մանրամասնել է բյուջետային փաստաթղթով նախատեսված ֆինանսական հայտը:
Նա հայտնեց, որ նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 48,7 մլրդ դրամով:
Նախարարի խոսքով՝ կրթությունը շարունակում է մնալ Կառավարության գերակայությունների շարքում: Այս ոլորտին կուղղվի 175 մլրդ դրամ, ինչը շուրջ 23,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա բյուջետային հատկացումից: Հատկացումները կուղղվեն 10 ծրագրերի իրականացմանը:
Կրթության որակի ապահովման ծրագրով ևս նախատեսվել է ծախսերի աճ:
«Շուրջ 1,5 մլրդ դրամ նախատեսվել է ատեստավորման նոր համակարգի ներդրման համար: 2022-ին 5100 ուսուցչի կամավոր ատեստավորում է նախատեսվում՝ 2021 թ. 1100-ի դիմաց:
Զգալի ներդրումներ են նախատեսվում մարզական օբյեկտների շինարարության և գույքով ապահովման ուղղությամբ: Երիտասարդական ծրագրերի մասով էական փոփոխություններ նախատեսված չեն»,- նշեց նախարարը։
Դումանյանի փոխանցմամբ՝ մշակույթի ոլորտին կհատկացվի 16,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվանից 7,4 տոկոսով ավելի: Նա ասաց, որ նախատեսվում է 6 ֆիլմի ստեղծում:
Նախարարի խոսքով՝ սպորտի ոլորտի ծախսերը կկրկնապատկվեն: Հիմնական գերակայությունը մեծ սպորտի շարունակական զարգացումն է, միջազգային հարթակներում մեր երկրի դիրքի բարելավումը և առողջ ապրելակերպի մասսայականացումը: