Նոյեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է իսպանական «Ակցիոնա» ընկերության՝ բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Միգել Առարասին, նույն ընկերության՝ Եվրոպայում բիզնեսի զարգացման մենեջեր Սառա Լառռազին և«Ակցիոնա»-ի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Աշոտ Առաքելյան Ստեփանյանին: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանը։
Հանդիպմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի օգնական Մանանա Գալստյանը, Գեղարքունիքի մարզպետարանի շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարներ:
Հանդիպման նպատակը՝ մարզպետի հետ քննարկել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մարզում կառուցվող հողմային կայանների աշխատանքային ընթացքին վերաբերող խնդիրներ, այդ ուղղությամբ մարզպետից ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն:
Այս ծրագիրը ընդգրկում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի 12 համայնքներ, որից 7-ը, ելնելով իրենց աշխարհագրական դիրքից, ընտրվել են Գեղարքունիքի մարզից:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 37 տուրբինների տեղադրում 202 մեգավատ հզորությամբ և 276 միլիոն դոլար արժողությամբ: Ծրագրի իրականացման իդեալական տարբերակը կլինի այն, որ մենք 2022 թվականին ստանանք շինարարական թույլտվություն, 2023-2024 թվականների ընթացքում իրականացնենք տուրբինների տեղադրման աշխատանքներ, իսկ 2025 թվականից արդեն գործարկենք դրանք:
Այս պահին ծրագիրը գտնվում է մշակման վերջնական փուլում և վերը նշվածին հասնելու համար մենք արդեն անհրաժեշտություն ունենք հողային իրավունքների ժամանակավոր և մշտական ձեռքբերման, որի կանոնակարգման հարցում ակնկալում են ՀՀ կառավարության, մարզպետարանի և ազդակիր համայնքների աջակցությունը։