ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու մասին» ու կից ներկայացված օրենքի նախագծերում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
Օրինագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։ Նա պարզաբանեց, որ տաքսամոտորային փոխադրումներ իրականացնողների համար օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու, զբոսաշրջության տեսանկյունից հանրապետություն մուտք գործող ուղևորներին ու օտարերկրյա քաղաքացիներին մատուցվող տաքսամոտորային փոխադրումների պատշաճ որակ ապահովելու նպատակով է մշակվել ներկայացվող նախագիծը:
Փոխնախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է կարգավորել օդանավակայանների տարածքում մարդատար տաքսիների փոխադրումների գործընթացը։ Նրա ներկայացմամբ՝ օդանավակայանի կայանատեղիից փոխադրումներ իրականացնելու համար սահմանել «Ա» տիպի լիցենզիայի պահանջ։ Արմեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ պետական տուրքը տարեկան նախատեսվում է 200 հազար դրամ սահմանել օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին ու տարիքային սահմանափակմանը ներկայացվող պահանջներ։
«Տաքսին պետք է լինի սպիտակ գույնի։ Նաև տարիքային սահմանափակում է դրվել․ յոթ տարեկանից բարձր թեթև մարդատար ավտոմեքենաներին արգելվելու է լիցենզիա տրամադրել։ Իրավախախտումների համար, եթե առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղիից փոխադրումներ իրականացնեն, կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով»,- ասաց նա։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նկատեց, որ միայն օդանավակայանի մասը կարգավորելուց բացի՝ ավելի ցանկալի կլիներ ամբողջական կարգավորում բերել ամբողջ տաքսի ծառայությունների մասով: