ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է օրինագծում առաջարկվող փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ պարտատերերը, այդ թվում՝ բանկերը և վարկային կազմակերպությունները, համապատասխան հիմքերի առկայության պարագայում ներել են որոշ պարտապանների, օրինակ, զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց պարտավորությունները:
Նա հայտնեց, որ հայաստանյան բանկերը ներել են պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների վարկային պարտավորությունները՝ մոտ 2.8 մլրդ դրամի չափով:
«2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ Կենտրոնական բանկը հայտնել է, որ վարկային կազմակերպությունների ու բանկերի կողմից պատերազմում զոհված զինծառայողների ու վերջիններիս ընտանիքների վարկային պարտավորությունների մասով զիջվել է 2.8 մլրդ դրամ, ծառայություն է ներկայացվել 728 կատարողական թերթ, որից արդեն իսկ զիջվել է 593-ը»,- մանրամասնել է փոխնախարարը։