Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը հավակնոտ է, բայց կան ռիսկեր։ Այս մասին ԱԺ-ում 2022 թվականաի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ` ենթադրվում է տնտեսական աճի ու ներուժի էական արագացում:
«Հայաստանի տնտեսության ներուժի ավելացմանն ուղղված ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նպատակադրված տնտեսական թիրախների ներքու ու սպասվող արտաքին տնտեսական բարենպաստ զարգացումների պայմաններում 2022 թվականի համար նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս ցուցանիշ»,- ընդգծեց ԿԲ նախագահը։
Նախագիծը ներկայացնելուց բացի, ԿԲ նախագահը խոսեց գնաճից։ Նրա տեղեկացմամբ՝ գնաճը կազմում է 9,1 տոկոս։
ԿԲ նախագահի խոսքով՝ գնաճը պայմանավորված է մի քանի գործոններով։ Մարտին Գալստայանի փոխանցմամբ՝ պարենի համաշխարհային գներն են բարձրացել, բազմաթիվ երկրներում բերքը քիչ է եղել, որը ևս ազդել է հացահատիկի, շաքարավազի գների վրա։
«Մենք ակնկալում ենք, որ տարեվերջին կունենանք գնաճի շեմ, որը կգերազանցի մեր թիրախը։ Բոլոր ջանքերը գործադրում ենք գնաճը զսպելու համար և, եթե ռիսկեր ի հայտ չեն գալիս, հաջորդ տարի վերադառնում ենք մեր 4 տոկոս թիրախին»,- նշեց նա և պնդեց, որ իրենք ունեն մանդատ անելու այնպես, որ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը չնվազի։