Կառավարության ծրագրում նպատակ ենք դրել, որ ՀՀ-ում պղնձի խտանյութի արտահանումը փոխարինենք պղնձի ձուլմամբ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը;
Նա նշեց, որ իրենց այս ուղերձը ներդրողների կողմից արձագանք է գտել։
««Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը և նրա ղեկավարը ՀՀ-ում բաժնեմասեր ձեռք բերելուց հետո Կառավարությանը որպես գործընկեր այս ծրագրի մաս են դարձրել: Մենք սիրով ընդունել ենք այս առաջարկը: Առաջիկայում նշմարվում է պրոցեսի ավելի երկարաժամկետ շղթա։ Հայաստանի Հանրապետությունը պիտի նախաձեռնի էներգետիկ ռեսուրսների ներգրավում, խոսքը վերաբերում է նոր ատոմակայանի կամ ատոմակայանի նոր էներգաբլոկի ստեղծմանը»,- մանրամասնեց նա։
Սուրեն Պապիկյանը նաև ասաց, որ նպատակ ունեն թե՛ գործող ատոմակայի կյանքը երկարացնել, թե՛ նոր ատոմակայան կառուցել։
Նրա դիտարկմամբ՝ այս շղթան բերելու է նրան, որ մենք պղնձաձուլարան ունենալուց հետո կունենանք արդեն և՛ ձուլված պղինձ, և՛ դրանից բխող այլ արտադրական շղթա։
Պապիկյանը նշեց, որ իրականացվելիք ծրագրերը հաջողության կարող են հասնել ՀՀ կառավարության, ՌԴ կառավարության և գործարար ոլորտի համատեղ աշխատանքի արդյունքում։