Իրանի հետ սահմանը բաց է, հաղորդակցությունը, բեռնափոխադրումները շարունակվում են։ Իրան-Հայաստան սահմանն օրական հատում է միջինում 150-160 բեռնատար մեքենա։ Այս մասին հայտնում են ՏԿԵ մամուլի ծառայությունից՝ արձագանքելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի պնդումներին, թե «այս պահին Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են»։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այսօր իր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «այս պահին Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են, որովհետեւ բեռնափոխադրումներ հնարավոր են միայն այդ ճանապարհով: Այսինքն Իրանի հետ սահմանն էլ է փակ, չունենք Իրանի հետ բեռնատար հաղորդակցություն»:
«Տեղեկացնում ենք, որ Բագրատյանի պնդումները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։
Իրանի հետ սահմանը բաց է, հաղորդակցությունը, բեռնափոխադրումները շարունակվում են։ Իրան-Հայաստան սահմանն օրական հատում է միջինում 150-160 բեռնատար մեքենա։
Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհը հարմարեցված է բոլոր տեսակի մեքենաների համար, այդ թվում՝ կցորդիչով մեքենաների։
Ավելին՝ որևէ կերպ չի նվազել նաև Իրանից դեպի Հայաստան ուղևորափոխադրումները։ Իրան-Հայաստան ուղղությամբ ուղևորափոխադրում իրականացնում են 5 ընկերություն, որոնց չվացուցակներում որևէ փոփոխություն չի եղել»,-նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։