Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության տվյալների համաձայն՝ 2021թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 89.1 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.6%-ով։ Այս մասին հայտնում են Զբաղվածության պետական գործակալությունից։
Գյուղաբնակները կազմել են աշխատանք փնտրողների 38.3%-ը կամ 34.2 հազ. մարդ՝ նախորդ տարվա 33,3 հազ. մարդու փոխարեն:
Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 66.8%-ը, կամ 59.5 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.1%-ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 64,3%-ը, կամ 38.3 հազ. մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 18.7%-ը կամ 11.1 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձանց թվաքանակը՝ 4.3% կամ 2.6 հազ. մարդ:
Ըստ Զբաղվածության պետական գործակալության՝ գործազուրկների թվաքանակում շարունակում է մեծ թիվ կազմել բարձրագույն կրթություն ունեցող՝ հումանիտար գիտություների, կրթության և մանկավարժության, տնտեսագիտության և կառավարման, միջին մասնագիտական կրթություն ունեցող՝ կրթության, առողջապահության, տնտեսագիտության և կառավարման, սպասարկման, նախնական մասնագիտական կրթություն ունեցող՝ արվեստի և դիզայնի, էկոնոմիկայի և ղեկավարման, տրանսպորտային միջոցների, թեթև արդյունաբերության որոկավորում ունեցող մասնագետները:
Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են ընդհանուրի 64.6% -ը: