ՊԵԿ մաքսային ծառայողները արդեն իրենց ծառայությունն իրականացնում են Գորիս-Կապան ավտոճանապարհին:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Մեր պետական որոշ ծառայողներ արդեն իրականացնում էին ծառայություն, ու մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են նույն վայրերում, որտեղ այլ պետական ծառայողներն են, մինչև հավելյալ հարմարությունների ստեղծումը»,- ասաց նա։
ՊԵԿ նախագահի պնդմամբ՝ չի եղել դեպք, որ ադրբեջանական ավտոմեքենան հատի ՀՀ սահմանը։
Անդրադառնալով ակնկալվող հարկային եկամուտների ցուցանիշներին, Բադասյանը հայտնեց, որ ՊԵԿ դիտարկումներով վերանայված բյուջեով սահմանված ցուցանիշները կկատարվեն։ Ավելին, Ռուսաստան Բադասյանի կարծիքով՝ հնարավոր է նաև ցուցանիշը գերակատարվի։
«Մենք ունենք 1 տրիլիոն 581 միլիարդ դրամ ցուցանիշը: Այդ թիվը ոչ միայն իրատեսական է, այլև կարծում եմ, որ որոշակի գերակատարում կունենա։
Համեմատել ենք 2021 թվականը 2019 թվականի հետ, արձանագրել ենք, որ 2019 թվականի ցուցանիշները բարելավվում են: 2019 թվականը ռեկորդային տարի էր հարկային եկամուտների առումով: Նաև որոշակի ուսումնասիրություն ենք կատարել գնաճի ազդեցության մասով. ավել հավաքված գումարի նկատմամբ ընդամենը 3.2-3.4 տոկոսի ազդեցություն ունի»,- նշեց Բադասյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ նոյեմբերի 10-ի գիշերը ժամը 12-ից սկսած Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի, հայկական կողմը ևս ճանապարհի այդ հատվածում կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գորիս-Կապան ճանապարհն արդեն փակ է, ադրբեջանական կողմն սկսել է մաքսակետերի տեղակայման աշխատանքները։