Եվրասիական տնտեսական միությունում ֆինանսական շուկաների ինտեգրացիոն գործընթացների խնդրի լուծումից ոչ ոք չի կարող խուսափել։ Այս մասին Մոսկվայում տեղի ունեցող Եվրասիական երկրորդ համաժողովի շրջանակներում ընթացող պանելային քննարկմանը հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ առևտրի մեջ ազգային արժույթների մասնաբաժնի ավելացումը Հայաստանի կառավարության համար կարևորագույն թեմա է։
«Առանց ԵԱՏՄ երկրների առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման՝ առևտուրը լիարժեք չի լինի ինտեգրացիոն գործընթացի համատեքստում։ Միության բոլոր երկրներն ունեն փոփոխական արժույթներ։ Այսօրվա գնաճային իրավիճակն ուղղակիորեն ցույց է տալիս, որ ԵԱՏՄ պետությունները պետք է ամենալուրջ ուշադրությունը հրավիրեն այդ ռազմավարական խնդրի կատարման վրա։ Ես վստահ եմ, որ հաշվարկների համակարգի ճիշտ կառուցման դեպքում մենք կունենանք պլատֆորմ, որն ազգային արժույթների որոշակի կուտակման հնարավորություն կտա»,-ասել է նա՝ շեշտելով նշվածի իրացվելիության անհրաժեշտության մասին, ինչն իր հերթին կարող է ծառայել միության ներսում խթանող գործիքների ստեղծմանը։
«Այդ խթանող գործիքները շատ կարևոր են կոոպերացիոն գործընթացների ակտիվացման և առևտրի խթանման համար։ Երկու դեպքում էլ անհրաժեշտ է ֆինանսական գործիքակազմ, որի ձևը պետք է բխի ազգային արժույթներից»,- ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ հետագայում խոսքն արդեն փուլային տարբերակի մասին է լինելու։
Ըստ ՀՀ փոխվարչապետի՝ այն կարող է արդյունք տալ, քանի որ խթան կհանդիսանա կոոպերացիոն կապերի զարգացման, առևտրի ծավալների աճի համար, ինչն իր հերթին կհանգեցնի ապրանքների և ծառայությունների մրցունակության աճին․
«Այս ամբողջ համակարգը, որի մեկնարկը պետք է կոմերցիոն բնույթ կրի, կարող էր կառուցել Եվրասիական զարգացման բանկը։ Եվ այս համատեքստում լրացուցիչ ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտություն չկա։ Եվրասիական զարգացման բանկն արդեն մի քանի հիմնարար քայլեր է արել այդ ռազմավարական առաքելությանը նախապատրաստվելու համար»,- ասել է ՀՀ փոխվարչապետը: