ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց և դրական եզրակացություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Հավանության արժանացած օրինագծով կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողների համար պետտուրքի վճարման կարգը փոփոխության կենթարկվի։
Ներկայացված օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների տարեկան սպասարկման համար սահմանված տարեկան պետական տուրքը փոխարինվում է սպասարկման իրավունքի տրման համար մեկանգամյա պետական տուրքով։
«Մինչև 2014 թվականը կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր: Լիցենզիան տրվում էր անժամկետ, որի համար սահմանված էր 100 հազար դրամ պետական տուրք:
2014 թվականին իրականացված օրենսդրական փոփոխության արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պահանջը հանվել է, իսկ պետական տուրքի պահանջը՝ պահպանվել»,- նշեց նախագիծը ներկայացնոց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Փոխնախարաի խոսքով՝ այն կազմակերպությունը, որը մրցութային կարգով իրավունք կստանա սպասարկել տվյալ երթուղին, օրենսդրական փոփոխություններից հետո գործող 100,000 դրամ տուրքը չի հանվում, բայց այն դառնում է մեկանգամյա վճարվող:
ԱԺ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին ի պատասխան` փոխնախարարը պարզաբանել է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկումը կարող է իրականացվել 10 տարի ժամկետով: Օրենսդրական փոփոխություններով մրցութային կարգով սպասարկում իրականացնելու իրավունք ստացած կազմակերպությունը կվճարի մեկ անգամ 100,000 դրամ, այլ ոչ թե յուրաքանչյուր տարվա համար 100,000 դրամ:
Սիմոնյանն առաջարկեց կարգավորումը կիրառել հունվարի 1-ից: