«Պետական բյուջեի մասին» օրենքի հատվածում եկամուտների մասով նախատեսում է 1 տրիլիոն 947,8 միլիարդ դրամ եկամուտներ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2022 թվականին պետական բուջեի նախագծում կատարված փոփոխությունները։
Նրա տեղեկացմամբ՝ բյուջեի ծախսերը կազմում են 2 տրիլիոն 184 միլիարդ դրամ, իսկ դեֆիցիտը` 236,2 միլիարդ դրամ:
«Բացի նշված ծախսերը, 2022 թվական պետական բյուջեի առաջնահերթությունների հավելվածում ներառված են 85 միլիարդ 556 միլիոն դրամ ընդհանուր արժեքով լրացուցիչ միջոցառումներ, որոնք կարող են իրականացվել, եթե բյուջեի եկամուտները գերազանցեն նախագծով սահմանված չափը կամ նախատեսված ծախսային միջոցառումների մի մասն իրականացվեն սահմանվածից որոշակի պակաս արժեքով»,- մանրամասնեց նախարարը:
Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ՝ 2022 թվականի բյուջեի նախագիծը ձևավորվել է կառավարության 2021-2026 թվականի ծրագրով սահմանված առաջնահերթություններին համահունչ` հատուկ կարևորելով անվտանգային հարցերի, կրթական համակագերի, ինչպես նաև ներառական ու որակյալ ենթակառուցվածքների զարգացման հարցերի լուծումը:
Միևնույն ժամանակ Ֆինանսների նախարարը շեշտեց, որ եկող տարվա պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է բարդ ժամանակահատվածում, դեռևս ամբողջովին հաղթահարված չեն կորոնավիրուսի ու պատերազմի անվտանգային, սոցիալական ու տնտեսական հետևանքները։
Չնայած այս ամենին՝ նախարարը վստահեցրեց, որ իրենց հաջողվել է կառավարել այն հիմնական ռիսկերը, որոնք կարող են խոչընդոտել հետագա տնտեսական զարգացմանը:
Նա նաև հաաստիացրեց, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ ու հուսալի հիմք կդառնա 2022 թվականի համար ծրագրված տնտեսական աճի համար։