ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստում քննարկեց և սահմանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2022 թվականի փետրվարի 1-ից: Այս մասին հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։
Այսպիսով՝ սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ, ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Հիշեցնենք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նշել էր, որ Հայաստանի էներգետիկ համակարգում գոյացած 23,8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք կա, հաջորդ տարի կարող են խնդիրներ առաջանալ սպառողների անխափան էլեկտրամատակարարման հետ։ Այս հանգամանքով պայմանավորված՝ նախատեսվում է էլէներգիայի սակագինը բարձրացնել 4,7 դրամով։